Մատչելիության հղումներ

Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը


Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը, «Ազատության» հետ զրույցում լուրը հաստատեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ազատությունը» կեսօրից հետո զրուցել էր Սաղյանի հետ. վերջինս փոխանցել էր վիրավորների մասին տեղեկություններ։

Արցախի պաշտպանության բանակը հաղորդել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամի 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով փորձել է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։

Ավելի վաղ էլ Բաքուն նախ Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար, որի հետևանքով 2 տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։

Ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակվող լիակատար ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, հայտնել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվությունը։

Արցախից հաղորդված վերջին տեղեկության համաձայն՝ մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։

XS
SM
MD
LG